Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Շահագործման հանձնվեց Հերիկի նորակառույց դպրոցական շենքը

Չորեքշաբթի, 05 Հոկտեմբերի 2016 13:50

Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը:

Դպրոցական շենքի հանդիսավոր արարողությանը մասնակցել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով համայնքի բնակչությանը դպրոցական նոր շենքի բացման կապակցությամբ՝ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի հիմնախնդիրները, և առաջիկայում այնտեղ նոր ծրագրեր են իրականացվելու բնակարանաշինության և շրջկենտրոնին կապող ճանապարհի բարեկարգման ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել «Հայրենասեր» հասարակական կազմակերպությանը՝ Քաշաթաղի շրջանի թվով արդեն երրորդ համայնքում դպրոցական շենքի կառուցման նպատակով հիմնական միջոցների հանգանակման համար: Կառավարության ղեկավարը նաև շնորհավորել է հանրապետության բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, իսկ Հերիկի դպրոցական նոր շենքը նա խորհրդանշական նվեր է որակել դպրոցի ուսուցչական կազմի համար: Տոնի առթիվ Ա. Հարությունյանը ծաղկեփնջեր է հանձնել դպրոցի ուսուցչուհիներին՝ նրանց մաղթելով բեղուն աշխատանք իրենց կարևոր առաքելության մեջ: Ելույթներով հանդես են եկել նաև «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Քաշաթաղի շրջանային վարչակազմի պատասխանատուներ, համայնքի ներկայացուցիչներ:

Հրապարակվել է, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի համապատասխան դիմումի համաձայն, շրջվարչակազմի ղեկավարի կայացրած որոշումը, որով Հերիկի դպրոցն անվանվել է մարտական դիրքը պաշտպանելիս հերոսաբար զոհված և հետմահու «Արցախի հերոս»-ի ԼՂՀ բարձրագույն կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի անունով: Միջոցառման ընթացքում գեղարվեստական գեղեցիկ կատարումներով հանդես են եկել գյուղի դպրոցականները:

Ավելին այս բաժնում