Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը շինոլորտի 2018 թվականի ծրագիրը ներկայացրել է գործադիրի նիստին

Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018 12:10

Ընթացիկ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերը կազմում են 14 միլիարդ 200 միլիոն դրամ, որը պետական բյուջեի 14 %-ն է:

Մանրամասնելով հանրապետությունում իրականացվելիք շինարարական ծրագրերը՝ նախարարը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականին ավարտվելու են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի և կենցաղային տան շինարարական աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով սկսվելու են նաև Արցախի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի վերակառուցման գործընթացը, որի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են. դրանք լրիվությամբ կավարտվեն մայիսին, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները: Կ. Շահրամանյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով ավարտին են հասցվելու Ասկերանի շրջանի Խնձրիստան, Իվանյան, Քռասնի, Մարտակերտի շրջանի Գետավան, Հադրութի շրջանի Տումի և Թաղասեռ գյուղերի հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները, Ստեփանակերտում ավարտվելու է համար 9 միջնակարգ դպրոցի կապիտալ վերակառուցումը և Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի նորակառույց դպրոցական շենքի շինարարությունը: Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող շինարարական այլ ծրագրերին՝ նախարարը նշել է, որ 2018 թ-ին շարունակվելու են Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի վերակառուցման աշխատանքները:

 

Մեկնարկելու են Արաքսի հովտում թվով 53 նոր տնակների համար ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման և այդ տնակների տեղադրման աշխատանքները: Շարունակվելու է նաև «Արի» կազմակերպության հետ համագործակցությունը, և Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում ևս 5 բնակելի տուն կկառուցվի: Նախատեսվում է ավարտին հասցնել Մարտակերտի շրջանի Գառնաքար և Զագլիկ գյուղերի դպրոցների վերակառուցման աշխատանքները: Ընթացիկ տարում շահագործման է հանձնվելու Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի նորակառույց դպրոցը, և ավարտվելու են Հադրութ քաղաքի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները: Նախարարի խոսքով՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ավարտվելու է մանկապարտեզի շինարարությունը, իսկ Շահումյանի շրջանի Չարեքտար և Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղերում շարունակվելու են դպրոցի և սպորտդահլիճի կառուցման աշխատանքները:

 

Անդրադառնալով նոր օբյեկտների կառուցմանը՝ Կ. Շահրամանյանը նշել է, որ սկսվելու է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում 50 տեղանոց և Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները: Սկսվելու են նաև համաճարակաբանական և հիգիենայի կենտրոնում լաբորատորիայի համար նախատեսված 3-րդ հարկի վերակառուցման, ինչպես նաև Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում բուժկետի կառուցման աշխատանքները:

 

Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է հատկացնել 3 միլիարդ դրամ՝ արդյունքում ավարտելով Շուշի քաղաքի Վարանդա, Մուրացան, Աշոտ Բեկոր, Մելիք Փաշաև, Վաչագան Իշխանյան, Մուրադ Մուսայելյան փողոցների բարեկարգման աշխատանքները, վերակառուցվելու է Հադրութ քաղաքի Այգեստան կամուրջը և 600 միլիոն դրամ ուղղվելու է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհների պահպանման, շահագործման, ընթացիկ վերանորոգման և ձմեռային պահպանման աշխատանքներին:

 

Ջրամատակարարման ուղղությամբ հատկացվելու է 686 միլիոն դրամ, որի արդյունքում ավարտվելու է Քարվաճառ և Հադրութ քաղաքների, Ասկերանի շրջանի Սարուշեն, Պատարա, Աստղաշեն, Շոշ, Մարտակերտի շրջանի Դրմբոն, Ներքին Հոռաթաղ, Վաղուհաս, Հաթերք, Մարտունու շրջանի Եմիշճան, Թաղավարդ, Հադրութի շրջանի Տող, Հարթաշեն, Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ, Քարեգահ գյուղերի ջրամատակարարման նոր համակարգերի կառուցման աշխատանքները:

 

2018-ին Ստեփանակերտում սկսվելու են նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տարածքում նոր մարզամշակութային և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները, որի նախագծերը ևս գտնվում են մշակման փուլում: Ծրագրով նախատեսվում է ունենալ ունիվերսալ դահլիճ, որը կծառայի միջոցառումների համար, 100 տեղանոց ժամանակակից կինոթատրոն, 4 ուղիով բոուլինգ և տարբեր տարածքներ՝ ցուցահանդեսներ կամ այլ միջոցառումներ կազմակերպելու համար: