Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017

Օրացույց

« Սեպտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Բացվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը

Ուրբաթ, 01 Սեպտեմբերի 2017 13:52

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ շուրջ 116կմ երկարությամբ ավտոճանապարհը բացվեց 2 հայկական հանրապետությունների Նախագահների մասնակցությամբ:

Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Միջպետական մայրուղու հանդիսավոր բացման կարմիր ժապավեն կտրելու պատիվը տրվել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին և ամերիկահայ գործարար Անդրանիկ Բաղդասարյանին: 

 

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17 մլրդ ՀՀ դրամ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ ԱՀ կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։

 

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

 

Ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը: