Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017

Օրացույց

« Սեպտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Շնորհավոր Արցախի շինարարի տոնը

Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 10:52

Ամեն տարի օգոստոսին Արցախում նշում են շինարարի մասնագիտական տոնը.Գործընկերներին շնորհավորել է Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

ԱՀ քաղաքաշինության նախարարության անձնակազմի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ շինարարի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ: Մենք` Արցախի Հանրապետության շինարարներս, հպարտությամբ կարող ենք շնորհավորել միմյանց ու շնորհավորանք ընդունել: Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերից սկսած ձեռնամուխ լինելով պատերազմի պատճառած ավերածությունների վերացմանը և խաղաղ կյանքի համար պատշաճ ու հարմարավետ պայմանների ստեղծմանը, շինարարները հաղթահարեցին բազում դժվարություններ, ընդունեցին մարտահրավերներ ու պատվով դուրս եկան այդ փորձություններից:

 

Այսօր թե մեր երկրի բնակիչների, թե արտերկրից ժամանող հյուրերի աչքն են շոյում նախագծային յուրօրինակ, թարմ լուծումներով աչքի ընկնող հասարակական, առողջապահական, կրթական ու մշակութային օբյեկտները, ինչպես նաև բազմաթիվ առանձնատներն ու բազմահարկ բնակելի շենքերը: Քիչ աշխատանք չի կատարվել նաև անցած 2 տարիներին:

 

Առանձնահատուկ գնահատանքի են արժանի ճանապարհաշինարարները: Մարտակերտ-Վարդենիս ռազմավարական ավտոճանապարհի շինարարությունը ԱՀ իշխանությունների վարած քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ ճանապարհի շինարարությունը վստահվել է Արցախում գործող լավագույն ճանապարհաշինական կազմակերպություններին, ուստի և աշխատանքի ժամանակին իրականացումն ու բարձր որակի ապահովումը թե նրանց, և թե երկրի իշխանությունների նպատակն ու խնդիրն են: Կառուցվել են նաև ներպետական նշանակության մի շարք այլ ճանապարհներ:

 

Նշանակալի են նաև շինարարության մյուս ոլորտների ձեռքբերումները. արդեն իսկ շահագործվում է Ստեփանակերտի երաժշտական քոլեջի նոր շենքը, պատրաստ է շահագործման Հանրապետական ուռուցքաբանական կենտրոնի շենքը, շարունակվում են գյուղերում համայնքային կենտրոնների կառուցման, լուծվում են ջրամատակարարման, ոռոգման և բնակարանային պայմանների բարելավման հարցերը:Ավելորդ չեմ համարում նշել, որ տարեցտարի բարձրանում է շինարարության որակը և համապատասխանությունը շինարարության ու սեյսմակայունության նորմերին ու պահանջներին, որոնց ապահովման ուղղությամբ տարվում է հետևողական աշխատանք: Չէ որ կառուցում ենք մեզ համար, մեր երկրի համար ու մեր ժառանգներին ավանդելու համար:

 

 

Հարգելի ներկաներ, ինչպես գիտենք 2016 թվականը առանձնակի փորձության տարի էր ինչպես Արցախի, այնպես էլ համայն հայության համար: Թշնամու ապրիլյան հարձակումից հետո, հրթիռա-հրետակոծության հետևանքների վերացումը, պաշտպանության բանակի առաջնագծի ամրապնդումը, ինժեներական կառույցների շինարարությունը դարձան ժամանակի հրամայականը: ԱՀ իշխանությունների անմիջական ուշադրության ներքո և նախարարության ղեկավարությամբ, կապալառու կազմակերպությունների ուժերով հսկայական աշխատանք իրականացվեց պաշտպանության բանակի առաջնագծում` փորվեցին հարյուրավոր կմ երկարությամբ խրամուղիներ, անցկացվեցին ջրագծեր, բարելավվեցին առաջնագծի զինաձնակազմի կացարանային պայմանները: Թալիշ գյուղում ընթանում են վերականգնողական լայնածավալ աշխատանքներ: Վերը նշվածը վերահաստատում է, որ շինարարությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, երկրի առաջընթացի լոկոմոտիվը:

 

Անկասկած, բոլոր ասպարեզներում անելիքները դեռ շատ են, քանզի երկրի շենացումն ու զորացումը անդադար գործընթացներ են: Վստահ եմ, շինարարության բնագավառի աշխատողները,  իշխանությունների ղեկավարությամբ հաջողությամբ ու կրկնապատկված - եռապատկված եռանդով կշարունակեն աշխատել:

 

Սիրելի գործընկերներ, կրկին շնորհավորելով շինարարի մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ առողջություն, անսպառ եռանդ ու ստեղծարար աշխատանք:

 

Մասնագիտական տոնի առթիվ շինոլորտի մի խումբ պատասխանատուներ ու աշխատողներ պարգևատրվել են ԱՀ Վարչապետի հուշամեդալով, քաղաքաշինության նախարարության գերատեսչական ոսկե մեդալով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով: